24 մայիսի 2019 - 17:53 AMT
Նազենի Ղարիբյանը՝ Օպերայի ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ընտրվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ:

Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով:

Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար, հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատարան է դիմել՝ իրեն թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Դիրիժորը մասնավորապես պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14-ի ՀՀ վարչապետի որոշումը, ինչպես նաև մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի՝ 2019-ի մարտի 3-ի հրամանը։

Օրբելյանը մարտի 26-ին մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1- ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։