13 սեպտեմբերի 2008 - 14:41 AMT
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարնորը քննարկել են Կովկասում իրադրության կարգավորման հեռանկարները
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Էկա Տկեշելաշվիլու հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլք ծառայությունում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումները եւ ստեղծված իրավիճակից ելքի հնարավորությունները: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ միջազգային հանրության ջանքերը` ուղղված առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորմանը, ճանապարհ կհարթեն խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման համար:
Նախարար Նալբանդյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Վրաստանի իշխանություններին Աջարիայում հանգստացող հայ զբոսաշրջիկներին անվտանգ կերպով Հայաստան վերադարձնելու գործում ցուցաբերած աջակցության համար: Եկա Տկեշելաշվիլու խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը միջազգային կազմակերպություններում: