27 մայիսի 2019 - 11:23 AMT
Իտալիայում ավտոբուսի վթարից տուժածը՝ Փաշինյանին. Միայն ՀՀ պատկան մարմինն է, որ չի կապվել հիվանդանոցի հետ

Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացի Մարգարիտա Գյուլումյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն ՀՀ պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել, մինչդեռ վթարից անցել է 3 օր:

«Հարգելի պրն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հարգելի պրն Zohrab Mnatsakanian երկրի հանդեպ հեղինակությունը սկսվում է պետության սահմաններից դուրս օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների իրենց գործառույթների շրջանակում վարած քաղաքականությունից:

ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատևող վերը նշված կառույցների անգործությունն առաջինը ոչ միայն վնասում է տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացու շահերը, այլ նաև հիմք է ստեղծում ՀՀ հանդեպ որպես պետություն անլուրջ վերաբերմունքին:

Այն, որ Իտալիայում տեղի ունեցած ավտովթարի, ՀՀ քաղաքացիների իրավիճակի մասին օֆիցիալ տեղեկատվությունը հակասում է եղելությանը, դա հարցի մի կողմն է: Հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն մեր երկրի պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել(արձանագրենք անցել է 3 օր)»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Գյուլումյանը նշել է, որ «լինելով ՀՀ քաղաքացի, օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունը պարարտ հող է ստեղծում մեծ հիասթափությամբ արձանագրելու, որ համարվում ենք մի երկրի քաղաքացի, որը դեմագոգիայից բացի ուրիշ այլ բանի ընդունակ չի»:

«Իսկ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված *Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են» նորմերը լոկ գրված են թուղթ սևացնելու համար:

Հարգանքներս Իտալիայում գտնվող Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի հյուպատոսարանների ներկայացուցիչներին»,-գրել է Գյուլումյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայում կողաշրջվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսում մոտ 60 զբոսաշրջիկ է եղել, այդ թվում Հայաստանից:Դեպքը տեղի է ունեցել Սիենա քաղաքից ոչ հեռու:

Եղել են զբոսաշրջիկներ նաև ՌԴ-ից, Վրաստանից և Ղազախստանից: