13 սեպտեմբերի 2008 - 17:41 AMT
Թուրքական Aksam թերթ. Նյու-Յորքում կկայանա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 16-ին կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Աբդուլլա Գյուլի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, գրում է թուրքական Aksam թերթը: Թերթի հաղորդմամբ, հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նշենք, որ ՄԱԿ-ի սեսսիայի շրջանակներում կկայանա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների` Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը:
Նախկինում Աբդուլլա Գյուլը հայտարարել էր, որ միտք ունի միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ավելի ուշ Գյուլը հայտնել է, որ «17 տարվա ընթացքում գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ զգալի արդյունքների հասնել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները միայն երկկողմանի չեն, դրանք տարածքային խնդիրներ են: «Իրադրությունը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, խաղաղությունը Կովկասում, պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորումը կհանգեցնեն ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կայունության»,- նշել է Աբդուլլա Գյուլը: