29 մայիսի 2019 - 10:20 AMT
Նազարբաևը՝ Փաշինյանին․ Ղազախստանի ու ՀՀ-ի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նազարբաևը նշել է, որ Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել են լավ հարաբերություններ:

«Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Մենք փոխանակելու բան ունենք. այն, ինչ դուք ունեք, մենք չունենք, ինչ մենք ունենք, դուք չունեք, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ պետք է աշխատել: Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Վստահ եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչև այդ էին», - ասել է Նազարբաևը:

Փաշինյանն էլ նշել է, որ վստահ է՝ Ղազախստանի նոր նախագահի հետ ՀՀ-ն կունենա նույնպիսի ջերմ և կառուցողական հարաբերություններ:

«Այո, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, ցավոք, տնտեսության ոլորտում բավական փոքր ծավալներ ունենք: Կարծում եմ, որ հիմա կա հնարավորություն այդ ուղղությամբ աշխատելու, քանի որ 21-րդ դարում ստեղծվում են նոր հնարավորություններ: Եվ կարևոր է, որ մենք, մեր երկրները, մեր ժողովուրդները և կառավարությունները քաղական կամք ունեն` զարգացնելու մեր հարաբերությունները, որովհետև մենք խորհրդային ժամանակներում կապված ենք եղել որպես ժողովուրդներ և Խորհրդային միության փլուզումից հետո փաստացի մասնակցել ենք հետխորհրդային տարածաշրջանում համատեղ բոլոր նախագծերին: Մենք շատ ջերմ, լավ հարաբերություններ ունենք, դրանում Ձեր անձնական ավանդը շատ մեծ է, և հուսով եմ ու վստահ եմ, որ այդ ոգին այսուհետ ևս կշարունակվի», - ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարևորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: