30 մայիսի 2019 - 13:36 AMT
ՄԻԵԴ-ը դատապարտել է Ադրբեջանին իրավապաշտպանին հետապնդելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին դատապարտել է Ադրբեջանին հայտնի իրավապաշտպան և ընդդիմադիր Իլգար Մամեդովին բազմամյա ազատազրկման դատապարտելու համար:

Բաքվի կառավարությունը պահում էր ակտիվիստին բանտում, չնայած ՄԻԵԴ-ը դեռևս 2014-ին Մամեդովի գործը քաղաքականապես մոտիվացված էր համարել: Մայիսի 29-ին ՄԻԵԴ Մեծ պալատի 17 դատավոր միաձայն մեղավոր է ճամնաչել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ ՄԻԵԴ որոշման, Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 46-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ԵԽ անդամ պետություններին կատարել Ստրասբուրգի դատարանի որոշումները: Դատարանը նոր հետաքննություն է նախաձեռնել այդ գործով: Հաջորդ շաբաթ ԵԽ Նախարարների կոմիտեն նիստի շրջանակում մտադիր է դիտարկել Ադրբեջանի հանդեպ այլ միջոցների կիրառումը:

Իլգար Մամեդովը «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդն է, նա մտադիր էր մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, սակայն ձերբակալվեց փետրվարի 4-ին: 2014-ի մարտին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման զանգվածային բռնություն բորբոքելու մեղադրանքով: Նույն տարում ՄԻԵԴ-ը որոշեց, որ Մամեդովի գործը ոչ մի իրավական հիմք չունի: 2014-ի դեկտեմբերի 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջեց անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին, սակայն այդ պահանջն այդպես էլ չկատարվեց:

Մամեդովն ազատ է արձակվել 2018-ի օգոստոսին: Սակայն, ազատազրկման մնացած ժամկետը փոխարինվել է 2-ամյա պայմանական ազատազրկմամբ, բացի այդ, նրան արգելվել է հեռանալ երկրից: Եվրոպայի խորհուրդը պահանջում է Մամեդովի լիակատար ազատությունը: