30 մայիսի 2019 - 16:49 AMT
Երթ հունիսի 1-ին՝ «Մի´ կայանիր մայթին» կարգախոսով

Երևանում մանկասայլակով տեղաշարժվելու բարդություններով և անվտանգությամբ մտահոգված ծնողները մտադիր են երթ կազմակերպել հունիսի 1-ին: Մասնակիցները մտադիր են բարձրաձայնել խնդրի մասին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը նաև մայթերին կայանվող ավտոմեքենաների վրա:

Մասնակիցները կփորձեն նաև «բարձրացնել վարորդների գիտակցական մակարդակը՝ նրանց թռուցիկներ բաժանելով», ասվում է կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում: Երթը կանցնի «Մի´ կայանիր մայթին» կարգախոսով:

«Նորություն չէ, որ Հայաստանում փողոցները հարմարեցված չեն սայլակով ու մանկասայլակով տեղաշարժվելու համար: Սակայն վերջին շրջանում այս խնդիրն ավելի է ահագնանում՝ մայթերին կայանող անպատասխանատու վարորդների պատճառով: Այս կարգազանցների ավտոմեքենաները շրջանցելու համար մենք ստիպված փողոցի երթևեկելի հատվածով եք վարում սայլակները՝ ամեն անգամ լրջորեն վտանգելով մեր երեխաների ու մեր կյանքերը: Եկեք միասին պայքերենք այս երևույթի դեմ հենց երեխաների պաշտպանության օրը: Կքայլենք սայլակներով ու մանկասայլակներով, խնդրի մասին կբարձրաձայնենք, ինչպես նաև՝ ուրախ ժամանակ կանցկացնենք մեր փոքրիկների ու ընկերների հետ»,-ասվում է գրառման մեջ:

Հունիսի 1-ին պաստառներով, փուչիկներով ու ժպիտներով քայլերթը կմեկնարկի Շառլ Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոն) ժամը 11:00-ին: Այնուհետև երթը կշարունակվի Աբովյան-Իսահակյան-Տերյան փողոցներով և կավարտվի Տերյան-Թումանյան խաչմերուկում։