30 մայիսի 2019 - 17:22 AMT
Որքան են պարտվում խաղացողները և որքան են շահում բուքմեյքերները

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը որոշ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի էր դուրս բերել։ Նախագծով Երևանում արգելվելու է այդ ընկերությունների գործունեությունը։

PanARMENIAN.Net - ը ներկայացնում է, թե որքան խաղադրույք է կատարվել և որքան է կազմել բուքմեյքերական ընկերությունների շահույթը 2018 թվականին։

Հայաստանում ներկա պահին գործում է բուքմեյքերական լիցենզավորված հինգ ընկերութուն․ դրանք են «Վիվառո Բեթինգ» (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» (Europefootball), «Գուդվին-Բետ» (GoodWin), «Սաբարկո» (Adjarabet) և «Դիջիգեյմ» (TotoGaming) ՍՊ ընկերությունները։ Այս ընկերություններից միայն «Եվրոֆուտբոլն» է, որ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում չի հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

VivaroBet-ի ֆինանսական հաշվետվության համաձայն, 2018 թվականին բուքմեյքերական ընկերությունն ընդունել է 79․862 մլրդ դրամի խաղադրույք, TotoGaming-ը՝ 39.643 մլրդ դրամի, GoodWin-ը՝ 25․134 մլրդ դրամի, Adjarabet-ը՝ 227․4 մլն դրամի։

Բուքմեյքերական այս 4 ընկերությունը միասին նախորդ տարում ընդունել է մոտ 145 մլրդ դրամի խաղադրույք։ Խաղադրույքների մի քանի անգամ աճը 2017 թվականի համեմատ մասամբ պայմանավորված է նախորդ տարի կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտում ծառայությունների ծավալը, ընդհանուր առմամբ, կազմել է 324.5 մլրդ դրամ:

2018-ին VivaroBet-ը կատարված խաղադրույքներից շահումների գծով հատուցել է 73.939 մլրդ դրամը, մնացած 5.923 մլրդ դրամ խաղադրույք կատարողները պարտվել են բուքմեյքերական ընկերությանը: Նախորդ տարում խաղադրույք կատարողները Adjarabet-ին» պարտվել են 24.4 մլն դրամ, GoodWin-ին՝ 2.350 մլրդ դրամ, TotoGaming-ին՝ 6.485 մլրդ դրամ:

Նախորդ տարում բոլոր նշված բուքմեյքերական ընկերություններին միասին խաղադրույք կատարողները պարտվել են, ընդհանուր առմամբ, 14.782 մլրդ դրամ:

4 ընկերության զուտ շահույթը միասին կազմել է 6․577 մլրդ դրամ։