30 մայիսի 2019 - 17:49 AMT
Իշխանական պատգամավորը քննադատել է ոստիկանությանը՝ անձնագրայիններում տիրող վիճակի համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում առկա մի շարք խնդիրների:

Օրեր առաջ նա խորհրդարանում բարձրացրել էր անձնագրային բաժանմունքներում պատճենահանումների հարցը, երբ քաղաքացիներից պահանջում են պահանջվող փաստաթղթերը պատճենահանած բերել: Պատգամավորն ասել է, որ այդ խնդիրների մասին տեղեկացրել է ոստիկանապետ Օսիպյանին:

Ըստ Առաքելյանի, ոստիկանապետի հանձնարարությամբ, պատճենահանող սարքավորումների հարցը լուծվել է:

Պատգամավորը կարդացել է նաև բելառուսցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումը, որում դժգոհություն էր հայտնել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքից:

«Որոշեցի այցելել մոտակա՝ Արաբկիր համայնքի անձնագրային բաժանմունք: Ինչ ասեմ է բառդակ, մարդկային ամբոխ՝ կանայք, երեխաներ, ծերեր, նստարաններ չկան, նստելու տեղ չկա: Այստեղ, միևնույն սրահում, և անձնագրեր են փոխում, և օտարերկրացիներին գրանցում, և տեղեկանքներ են տրամադրում: Բոլորն իրար գլխի, հերթագրման կտրոններ չկան, ոչ մի տեղեկատվություն չկա, սպասում են ժամերով, որ մի հարցի պատասխան ստանան: Զուգարան չկա, ստիպված ես լինում կարիքները հոգալ դիմացի թփերում: Հոտից դատելով՝ ես միակը չէի: Պատճենահանման համար մարդկանց ուղարկում են կողքի տարածք, որտեղ ծառայությունը վճարովի է, սովորականից թանկ: Այդպիսի բիզնես է: Պարզագույն հարցի լուծման վրա գնում է 3-4 օր: Հենց հիմա հերթում կանգնած եմ 1.5 ժամ, դրա հերն եմ անիծել, պատասխանեք ախր, ինձ գրանցում պե՞տք է, թե՞ ոչ: Կամ էլ կանոնները ցույց տվեք, չէ, ասում են, գնա հերթ կանգնիր…Սա լրիվ սովետ է, սրա մերը…», - ընթերցել է Առաքելյանի Լապշինի ֆեյսբուքյան գրառման թարգամանությունը: