31 մայիսի 2019 - 16:10 AMT
«Ձեր արարքը հերոսական է, հպարտ եմ, որ նման բնակիչ ունենք». Ամստերդամի քաղաքապետն այցելել է Դալուզյանին

Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմք Հալսեմայի գլխավորությամբ այցելել է հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու հայ ծանրամարտի Մել Դալուզյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերեր Արթուր Մինասյանը:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը Ձեզ պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել Ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը Դալուզյանին:

Օգտատերը հայտնել է նաև, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանը, Ամստերդամում վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, որոնք փորձել էին կողոպուտ կատարել: