1 հունիսի 2019 - 12:34 AMT
Պուտինն ու Մեդվեդևը շնորհավորել են Փաշինյանի ծնունդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ: Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը», - ասել է Պուտինը:

Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը Ռուսաստանը և Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջող իրագործվում են համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում: Խորանում է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների երկարաժամկետ շահերին», - ասել է Մեդվեդևը։