16 սեպտեմբերի 2008 - 17:16 AMT
Ամերիկացի փորձագետ. բոլոր հակամարտությունները հետխորհրդային տարածքում շատ նման են
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցավ «Կոնֆլիկտ. վերլուծությունից մինչվեւ միջամտություն» ազդեցիկ ամերիկացի փորձագետների հոդվածների ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը եւ հանդիպումը ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոն համալսարանի կոնֆլիկտաբանության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր դոկտոր Դենիս Սանդոլեի հետ: ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացված թարգմանությամբ այդ գրքում ներկայացված է ԱՄՆ-ի դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների հարցում: Ներկայացնելով ամերիկյան տեսակետը` Դենիս Սանդոլեն հայտնել է, որ այս գիրքը կնպաստի կոնֆլիկտների վերլուծությանն ու լուծմանն առնչվող լայնածավալ հարցերի շուրջ երկխոսությանը: Նրա խոսքերով, բոլոր հակամարտությունները հետխորհրդային տարածքում շատ նման են, բայց նրանց լուծման միջոցները, բնականաբար, տարբեր: Մասնավորապես, խոսելով վրացա-օսական հակամարտության մասին` նա ընդգծել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սխալ է գործել` ներխուժելով Հարավային Օսիա:

Դոկտոր Սանդոլեն Հայաստանում է սեպտեմբերի 16-19 ԱՄՆ Պետքարտուղարության «ԱՄՆ խոսնակ» ծրագրի շրջանակներում: Նա իր ներդրումն է ունեցել այս դասագրքի ստեղծման գործում: Քաղաքագիտության բնագավառում իր դոկտորական թեզը պաշտպանել է Շոտլանդիայի Սթրեթքլայդ համալսարանում եւ Ջորջ Մեյսոն համալսարանի կոնֆլիկտաբանության ծրագրի հիմնադիր անդամներից է: Նա ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ այս բնագավառում: Նրա վերջին աշխատանքներից է «Խաղաղություն եւ անվտանգություն արդի աշխարհում: ԵԱՀԿ-ն եւ կոնֆլիկտների լուծումը» գիրքը: Հայաստան այցելության ժամանակ դոկտոր Սանդոլեն կմասնակցի Երեւանի Պետական համալսարանում կոնֆլիկտաբանության ծրագրի շուրջ քննարկմանը, դասախոսությամբ հանդես կգա հանրության առջեւ, նաեւ կհանդիպի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: