4 հունիսի 2019 - 10:44 AMT
Պրահայի դատարանը որոշել է Նարեկ Սարգսյանին արտահանձնել ՀՀ

Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Պրահայի քաղաքային դատարանը դրական որոշում է կայացրել այդ հարցի վերաբերյալ նախորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է մամուլի քարտուղար Մարկետ Պուչին, հայտնում է չեխական Tyden-ը:

Ըստ չեխական պարբերականի, ապօրինի զենք պահելու և վաճառելու համար մեղադրվողի արտահանձնման հարցը դեռ պետք է ուսումնասիրի արդարադատության նախարարը:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել 2018-ի ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ընդ որում, սա Սարգսյանին վերագրվող հանցանքների ամբողջական ցանկը չէ, Հայաստանի ոստիկանությունը նաև նշել է, որ հայտնաբերման պահին վերջինս ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Սարգսյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: