4 հունիսի 2019 - 16:09 AMT
Պայմանագրային դառնալու տարիքային շեմը բարձրացնող օրենքն ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով փոխվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը:

Նախագծով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:

Հազվագյուտ մասնագիտությունների դեպքում տարիքային շեմը կբարձրացվի մինչև 45-ը:

ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծով առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3 տարուց դարձնել 2 տարի: