5 հունիսի 2019 - 10:58 AMT
ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը ՀՀ-ում՝ 2020-ին

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020-ի հունվարին: Այդ մասին ասվել է 2019թ․ հունիսի 4-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջորջ Կատրուգալոսի հանդիպմանը:

Նախարարները որոշել են հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։

Նախարարները համաձայնել են, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:

Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

Նախարարները հաստատել են եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը և ընդգծել իրենց հանձառությունն ընդլայնելու և խորացնելու իրենց եռակողմ համագործակցությունը և առանձնացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և ներդրումները, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, առողջապահությունը, ճգնաժամերի կառավարումը, մշակույթը և զբոսաշրջությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը երեք երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երկրները որոշել են կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները և առաջիկա ամիսների ընթացքում վերոնշյալ ոլորտներում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը:

Ավելին, նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ: Նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների։

Ավելին, նրանք քննարկել են Եվրամիության և ՀՀ միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունն են հայտնել այս հարաբերությունների ամրապնդմանը՝ Արևելյան գործընկերության, ինչպես նաև մի կողմից Եվրամիության և Եվրոպական ատոմային էներգիայի համայնքի և նրա անդամների և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2017թ․ նոյեմբերի 24-ին, և որի ժամանակավոր կիրարկումը մեկնարկել է 2018թ․ հունիսի 1-ից։ Այս առնչությամբ նախարարներն կարևորել են բոլոր կողմերի կողմից Համաձայնագրի արագ վավերացումը, ինչը հնարավոր կդարձնի վերջինիս՝ ամբողջական ուժի մեջ մտնելը։