6 հունիսի 2019 - 10:31 AMT
ՏՀՏ լիդերների հանդիպմանը քննարկվել է ռազմարդյունաբերության համալիր զարգացումը

ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը՝ նվիրված ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը:

Երկօրյա ֆորումն անցկացվել է ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի և Ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության աջակցությամբ։

Դիլիջանում կայացած ֆորումի շրջանակում ՀՀ պետական և մասնավոր ոլորտի 30-ից ավելի ներկայացուցիչներ քննարկել են Ռազմարդյունաբերական համալիրի ներկա մարտահրավերներին համապատասխան կառուցվածքային հիմնահարցեր, գնման մեխանիզմների անհրաժեշտ և արդի լուծումներ և անվտանգությանն ուղղված այլ հարցեր:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է.«Ավանդական դարձած ՏՀՏ ոլորտների առաջնորդների հանդիպումը կոնսոլիդացիայի արդյունավետ հարթակ էր: Ռազմարդյունաբերության կոմիտեի, ԱԱԾ-ի, Ֆինանսների նախարարության, Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների միության և այլ կառույցների շահագրգիռ կողմերը բազմապրոֆիլ քննարկումներ անցկացրեցին. հիմնական շեշտադրումներն էին ռազմարդյունաբերության կառուցվածքային դերակատարումները, ոլորտի գնումների պատշաճ կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների խթանիչ գրավականները», հայտնում է ԱՏՁՄ հանրային կապերի բաժինը:

ԱՏՁՄ-ն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ձևաչափը իրականացնում է տարեկան 2 անգամ սկսած 2007-ից: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ: