17 սեպտեմբերի 2008 - 14:48 AMT
Սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանը
Սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում պաշտոնապես բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանը: Նրա նախագահ, Նիկարագուայի նախկին արտգործնախարար Միգել դ'Էսկոտո Բրոքմանը խոստացել է առաջնահերթություն տալ այնպիսի հարցերին, ինչպիսիք են սովի եւ աղքատության վերացումը, կլիմայի փոփոխությունը, էներգետիկ ճգնաժամը, ահաբեկչությունն ու մարդու իրավունքները: Նա հայտարարել է, որ պայքարելու է ՄԱԿ-ի ժողովրդավարացման համար: Նախատեսվում է, որ ԳՎ 63-րդ նստաշրջանի հիմնական մասում կքննարկվի օրակարգի շուրջ 150 կետ: Դրանց թվում են խաղաղության եւ անվտանգության ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանություն, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցեր:
Սեպտեմբերի 23-ից-հոկտեմբերի 1-ը ընդհանուր քաղաքական բանավեճ տեղի կունենա Գլխավոր վեհաժողովում: Առաջին օրը ելույթ կունենան Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սերբիայի, Արգենտինայի, Գաբոնի ու Իրանի նախագահները: Բանավեճի առաջին օրվա երկրորդ կեսին ելույթ կունենան Վրաստանի եւ Իրանի նախագահները: Ուկրաինայի նախագահը ելույթ կունենա սեպտեմբերի 24-ի առավոտյան: Տաջիկստանի նախագահը` սեպտեմբերի 25-ին, Ղրղստանի նախագահը` սեպտեմբերի 26-ին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին, սեպտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ, հնարավոր է, ելույթ կունենա ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ: ԳՎ-ի նստաշրջանի ընթացքում կկազմակերպվի Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, ինչպես նաեւ երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը: