6 հունիսի 2019 - 11:23 AMT
73 մլն դրամ՝ աշխգրքույկը կենսաթոշակային շտեմարանում ներառելու համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից սոցիալական ապահովության ծառայությանը կհատկացվի 73 մլն դրամ՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով։

Նախարարության հաղորդմամբ՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Կառավարության որոշմամբ՝ հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել՝ դրանում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ առկա է 325,365 անձի գրքույկ, որոնք տեսաներածված չեն։ Նախարարության հաղորդմամբ՝ սա կայուն թիվ չէ, քանի որ մեկ անձը կարող է ունենալ մեկից ավելի աշխատանքային գրքույկ: Այդ պատճառով 2019 թվականի համար կանխատեսվում է մոտ 350,000 աշխատանքային գրքույկ տեսաներածել: Դրա համար պահանջվելու է լրացուցիչ ֆինանսական միջոց, որն այս տարվա պետական բյուջեով նախատեսված չէ:

«Նախագիծն ընդունվելու դեպքում էապես կնվազեն աշխատանքային ստաժի կապակցությամբ առկա ռիսկերը և նվազագույնի կհասցվեն ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստա­թղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերը՝ ապահովելով կենսաթոշակային ապահովությանը ուղղված միջոցների զգալի խնայողություններ»,- ասված է նախագծում: