7 հունիսի 2019 - 11:07 AMT
Վերաքննիչը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքը

ՀՀ Վերաքննիչ դատարանը սկսել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքի քննությունը, հայտնում է Shantnews-ը։

Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ կալանքը երկարաձգելու մասին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր: Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018-ի հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս էլ բավարարեց բողոքը և կրկին կալանավորեց Մանվել Գրիգորյանին։ Քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը։ Որդին՝ Արման Գրիգորյանը, հետախուզվում է։