7 հունիսի 2019 - 12:06 AMT
Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը ԼՂ խնդիրը չեն քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չեն քննարկել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Երեկ տեղի է ունեցել շատ հանգամանալից խոսակցություն երկկողմ հարաբերությունների, առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,-ասել է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը: