7 հունիսի 2019 - 13:46 AMT
Խաժակյան․ Հարբած ոստիկանները ծեծել են քաղաքացուն՝ կասկածելով նրան կողոպուտի մեջ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ միջադեպ է տեղին ունեցել իր մերձավորներից մեկի հետ, երբ ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռը կողպելիս, նրան մոտեցել է երկու ոստիկան՝ հարբած վիճակում և սկսել վիճաբանության բռնվել։

«Հարբած մոտեցել են, հարցրել են, ինչ ես անում, դու ով ես, ԱՅս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է՝ ումից է վարձակալել, հետո հարցրել է, թե դուք ով եք: Այս երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո մերձավորս երկար ժամանակ ստիպված է եղել նրանցից պահանջել վկայականը։ Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը, նա եղել է ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են ավտոմեքենան եւ տարել ոստիկանության բաժին», - ասել է Խաժակյանը։

Նա հավելել է, որ բաժնի դիմաց և ճանապարհին ևս նրան հարվածել են, ինչի հետևանքով կոտրվածք է ստացել դեմքի շրջանում։

«Երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, միացել են ևս մի քանի ոստիկան և նրանք շարունակել են հարվածներ հասցնել նրան: Այնուհետև մոտեցել է մեկ այլ ոստիկան, որը ճանաչել է և հասկացել, որ այդ մարդն այդ տարածքի տիրպետողն է, նրան բաց են թողել: Կա նաև հիվանդանոցում տրված թուղթը, որը հավաստում է, որ այդ ընթացքում նա քթի շրջանում վնասվածք է ստացել: Այսինքն այդ «սևազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ և հարբած վիճակում փաստորեն քաղաքացուն տարել, ծեծել են»,- ասել է Խաժակյանը: