8 հունիսի 2019 - 12:56 AMT
ՌԴ-ում հատուկջոկատայինի սպանության գործով 7 հայ է կալանավորվել, 1-ը՝ ձերբակալվել

Մերձմոսկովյան Կրասնոգորսկի քաղաքային դատարանը կալանավորել է շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանին, որը 7-րդ անձն է, որն անցնում է զանգվածային ծեծկռտուքի գործով, որի ժամանակ սպանվել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը:

Դատարանի որոշմամբ Եղիազարյանը կալանավորվել է մինչև օգոստոսի 2-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդպիսով, կալանավորվել են ծեծկռտուքի մասնակից ձերբակալված հետևյալ անձինք՝ սպանության մեջ մեղադրվող, գործազուրկ ՌԴ քաղաքացի Սերգեյ Խոջանյանը, ՌԴ քաղաքացիներ Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը և Սուրեն Մարկոսյանը, ինչպես նաև ՀՀ 2 քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանն ու Սահակ Սահակյանը, որոնք մեղադրվում են խուլիգանության մեջ: Նրանք արդեն խոստովանել են իրենց մեղքը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն ձերբակալել է ծեծկռտուքի 8-րդ մասնակցին: Նրա հետ անցկացվում են քննչական միջոցառումներ և առաջիկայում որոշում կկայացվի նրա խափանման միջոցի մասին:

ՔԿ-ն հայտնաբերել է ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին: Մի քանի անձի հետախուզում է հայտարարվել: «ՌԴ քննիչները գործակցում են ՀՀ իրավասու մարմինների հետ, որոնք հաստատել են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Քննությունը կասկած չունի, որ մասնակցներից ոչ մեկը չի խուսափի քրեական պատասխանատվությունից»,-ասել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նա միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար:Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան:

Հարձակվողները փախել են, «Շտապ օգնությունը» պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը: