8 հունիսի 2019 - 14:54 AMT
Տուրիզմ և նորարարություն․ 2 ակտիվ, որոնք, ըստ Ֆրանսիայի նախկին վարչապետի, ՀՀ-ին կհզորացնեն

Մտքերի գագաթնաժողովում հրավիրած ասուլիսում 2005-2007 թվականների Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ասել է, որ երկու ոլորտներում Հայաստանն ունի մեծ ներուժ և կարող է հզորացնել իր դիրքերն աշխարհում՝ զարգացնելով այդ ոլորտները:

«Կա երկու մեծ ակտիվ, որ Հայաստանը կարող է օգտագործել: Առաջինը մտքի մշակույթն է՝ կրթությունն ու նորարարությունը, որոնք գալիք տարիներին դառնալու են շատ կարևոր: Նորարարության և կրթության դերն ու դրա իրագործումը շատ հզոր դիրքեր կապահովեն Հայաստանի համար ապագայում»,- ասել է նա:

Երկրորդը, Վիլպենի խոսքով, տուրիզմի ոլորտն է:

«Դուք ունեք հրաշալի ու գեղեցիկ երկիր, եթե ճիշտ ուղղությամբ շարժվեք, ապա կհասնեք դրան: Զբոսաշրջությունը դյուրին մարտահրավեր չէ: Շատ պետություններ անցնող տասնամյակի ընթացքում բաց թողեցին զբոսաշրջային լավ երկիր լինելու հնարավորությունը: Զբոսաշրջությունը կարող է ամեն ինչ սպանել ձեր շրջապատում կամ ամեն ինչ բարելավել: Պետք է ընտրել ծրագրեր, որոնք կայուն են»,- ասել նա:

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող Մտքերի գագաթնաժողովը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: