10 հունիսի 2019 - 13:15 AMT
Երիտասարդական ԵԱ. Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր, Մհեր Մարկոսյանը՝ արծաթե

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե և արծաթե մեդալ:

Հրաչյա Մարգարյանն (61 կգ) արժանացել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչմանը, իսկ Մհեր Մարկոսյանը (86 կգ) դարձել է փոխչեմպիոն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եզրափակչում Հրաչյա Մարգարյանը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին, իսկ Մհեր Մարկոսյանը լարված պայքարում 2:3 հաշվով պարտվել է վրացի Միրիանի Մաիսուրաձեին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով և նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Հունիսի 8-ին բրոնզե մեդալակիր էին դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաև Հարություն Մանուկյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և Աշոտ Ռուշանյանը (125 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նույնպես Եվրոպայի առաջնությունը մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: