
Հայաստանի շնորհիվ ԵՏՄ-ն հնարավորություն ստացավ խթանել արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Այդ մասին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Շնորհիվ ՀՀ-ի լրացուցիչ խթան է ստացել միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար դուրս գալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան»,-հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:
«Արդյունքում 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ԵՏՄ և անդամ պետությունները մի կողմից և Իրանի Իսլամական հանրապետության միջև մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրվեց: Այն ստեղծվել է երեք տարի ժամետով, որի արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասով», - ասել է Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ ազատ առևտրի գոտին հնարավորություն կընձեռի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյականացման, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի փոխադարձ առևտրի ծավալների մեծացմանը:
«Իրան և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության համար համաշխարահային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար», - հավելեց նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:Վավերացման օգտին են քվեարկել պատգամավորներից 174–ը, դեմ` 4-ը:Համաձայնագիրը կձևավորի ԵՏՄ–ի ու Իրանի առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Կնքված փաստաթուղթը Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է։