10 հունիսի 2019 - 14:53 AMT
Ծառուկյան. Աբովյանի ընտրություններում աբովյանցին է հաղթել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հունիսի 9-ին Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրություններին, հայտարարել է, որ հաղթել է աբովյանցին:

«Հաղթել է աբովյանցին, ավելի բան չունեմ ասելու: Վարչապետն ասել է՝ «հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին», - ասաց Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ քաղաքապետը վայելում էր Ծառուկյանի աջակցությունը, դրա համար էլ վերընտրվել է, Ծառուկյանն ասել է. «Վայելում է, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան, նա իր աշխատանքով ապացուցել է: Որ կարիքը լիներ, ես անպայման կաջակցեի»:

Անդրադառնալով ընտրություններից մեկ օր առաջ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետի մեքենան հրդեհելու փաստին՝ Ծառուկյանն ասել է, որ այդ դեպքը հնարավորինս շուտ պետք է բացահայտվի:

«Մենք առաջին օրն ենք հայտարարել, որ սա պետք է բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմինները տեղում չեն: Մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն, հենց դրանք են հիմնական «մուտիլովշիկները»: Սա պարտադիր է և վարչապետը պետք է պարտադրի անմիջապես այդ գործը բացահայտել», - ասել է Ծառուկյանը:

Աբովյանում քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Այստեղ լարված քարոզարշավ է ընթացել Գևորգյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի միջև: