11 հունիսի 2019 - 14:09 AMT
Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:

Մեկ այլ հրամանագրով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, հայտնում է է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը,

Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լևոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:

Նույն օրը Նախագահն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և անձնակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ տնօրեն Վլադիկ Խաչատրյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: