11 հունիսի 2019 - 15:54 AMT
Անկարան մեղադրել է Իսլանդիային թուրք ֆուտբոլիստներին չհարգելու մեջ

Թուրքիայի իշխանությունները վրդովմունք են հայտնել Ռեյկյավիկի միջազգային օդանավակայանում իսլանդացի սահմանապահների կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հանդեպ անհարգալից մոտեցման կապակցությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իսլանդացի սահմանապահների և մաքսատան աշխատակիցների վարվելակերպն անհամատեղելի է համարել դիվանագիտական և հումանիտար տեսակետից և գրել է Twitter-ում, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի:

Թուրքիայի հավաքականին 3 ժամ սպասեցրել են մաքսատանը՝ մի քանի անգամ ստուգելով յուրաքանչյուր ֆուտբոլիստի ուղեբեռը, գրում է BBC-ին:

Հետո, երբ թիմը վերջապես անցել է մաքսային զննությունը, նրանց շրջապատել են լրագրողները, որոնցից մեկը ֆուտբոլիստներին բարձախոսի փոխարեն զուգարանակոնքի լվացման համար նախատեսված խոզանակն էր պարզում: Անկարան արդեն պաշտոնական բողոք է հղել Իսլանդիայի իշխանություններին: Իսլանդիան դեռևս չի մեկնաբանել միջադեպը:

Թուրքիայի հավաքականը Իսլանդիա է ժամանել հունիսի 9-ին: Հունիսի 11-ին տեղի կունենա ԵԱ-2020-ի Իսլանդիա-Թուրքիա ընտրական խաղը:

Հունիսի 8-ին Թուրքիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումից հետո էլ ավելի սրվեցին առանց այդ էլ բավականին բարդ դիվանագիտական հարաբերությունները: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ լսել է, ինչպես էին թուրք ֆուտբոլիստները սուլում Ֆրանսիայի օրհներգի կատարման ժամանակ և անթույլատրելի համարել դա: Փարիզը, սակայն, մտադիր չէ բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նախագահ Մակրոնը համարվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գլխավոր հակառակորդներից մեկը: