18 սեպտեմբերի 2008 - 16:45 AMT
Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը նախադեպ չէ Ղարաբաղի համար, հայտարարում են Ռուսաստանում
Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը, այդ տարածքներում ռուսական ռազմակայանների ստեղծումը նախադեպ չէ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի համար: Այդ մասին այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նիստում:

«Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի ԱՊՀ տարածքի բոլոր հակամարտությունների լուծմանը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հարգման, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, հակամարտության մեջ ներքաշված կողմերի միջեւ համաձայնության որոնման հիման վրա: Պատասխանատվորեն կիրագործենք մեր միջնորդական առաքելությունը բանակցային գործընթացում, դա լիովին վերաբերվում է Մերձդնեստրին ու Լեռնային Ղարաբաղին: Ամենուրեք կան իր առանձնահատկությունները, միջնորդության սեփական ձեւաչափերն ու մեխանիզմները: Սակայն հարավօսական ճգնաժամը նրանց համար ոչ մի նախադեպ չի ստեղծում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Լեռնային Ղարաբաղով եւ մերձդնեստրյան կարգավորմամբ զբաղվողներից ոչ ոք այնտեղ մտադիր չէ խախտել միջազգային իրավունքը, խզել ձեռք բերված պայմանավորվածությունները, խախտել կարգավորման համաձայնեցված ձեւաչափը, ռմբակոծել խաղաղ քաղաքացիներին ու խաղաղապահներին: Այնտեղ չկան մարդիկ, որոնք ցանկանում են ապահովել տարածքային ամբողջականությունը մարդկանց զանգվածային սպանությունների միջոցով, մարդկանց, ում համարում են սեփական քաղաքացիներն ու սեփական երկրի բնակիչները: Զուգահեռներ այստեղ լինել չեն կարող: Փառք Աստծո, Սահակաշվիլին եզակի երեւույթ է իր տեսակի մեջ»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա նաեւ հաղորդել է լրագրողներին, որ ճանաչված հանրապետությունների տարածքում կստեղծվեն ՌԴ ռազմակայաններ: «Այն ամենն, ինչ կատարվում է Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ներսում, արդեն չի վերաբերվում խաղաղապահ գործունեությանը, ՌԴ կողմից այդ հանրապետությունների ճանաչումից հետո, այնտեղ ստեղծվում են ռազմակայաններ, այնտեղ տեղաբախշվում են ՌԴ զորակազմեր ի պատասխան այդ երկու ինքնիշխան պետությունների օրինական կերպով ընտրված իշխանությունների խնդրանքի»,-նշել է Ս.Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: