14 հունիսի 2019 - 15:05 AMT
Թուրքիայում սկսվել է առաջին հայալեզու հեռուստաալիքի հեռարձակումը

Թուրքիայում սկսել է եթեր հեռարձակվել հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։

Հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ։ Այդ ճանապարհին ստիպված են եղել հաղթահարել բազում դժվարություններ, հայտնում է Ermenihaber-ը:

«Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը։ Նախատեսվում է առաջիկայում հանդես գալ ամենօրյա լրատվական հաղորդումներով։ Կլինեն նաև մշակութային, երաժշտական, մանկական հաղորդումներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր։

Արամ Քուրանը նշել է, որ TRT հանրային հեռուստաընկերությունն իրենց է տրամադրել երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ փաստագրական ֆիլմերի արխիվը, իսկ լրատվությունը հիմնականում վերցնում են պետական Anadolu լրատվական գործակալությունից և թարգմանում արևմտահայերեն։

«Երբ սկսեցինք եթեր հեռարձակվել, ստացված արձագանքները ցույց տվեցին, որ անհավանական թվով հեռուստադիտող ունենք։ Հատկապես արտերկրից մեր եթերին հետևողները շատ են ոգևորվում»,- նշել է «Լույս TV»-ի հիմնադիրը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հեռուստաալիքի եթերի մոտ 70 տոկոսը հայերեն կլինի, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։