14 հունիսի 2019 - 17:46 AMT
Թրամփն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհի համար: Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Դա իրոք Իրանն է արել, դուք գիտեք, որ նրանք են դա արել, որովհետև տեսել եք մոտորանավակը»,-ասել է ԱՄՆ նախագահը: Խոսքը մի տեսանյութի մասին է, որտեղ, ենթադրաբար, իրանցիները հանում են չպայթած ականը Kokuka Courageous լցանավից: ԱՄՆ նախագահը Իրանին անվանել է «ահաբեկչության երկիր», որը շատ է փոխվել իր նախագահության օրոք, գրում է Lenta.ru-ն:

Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանը որոշի փակել Օրմուզի նեղուցը, որով մեծ թվով նավթատար լցանավեր են անցնում, ապա չի կարողանա դա երկար անել:

Հունիսի 13-ի առավոտյան Օմանի ծոցում հարձակում է իրականացվել երկու լցանավի վրա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի իշխանություններին մեղադրեց դրանում՝ նշելով, թե այդ են վկայում «հետախուզության տվյալներն ու օգտագործած զենքը»: Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտնեց լցանավերից մեկի վրա չպայթած ականի մասին: Ըստ զինվորականների, նմանատիպ ռումբեր են օգտագործվել նաև մայիսին լցանավերի վրա հարձակման ժամանակ: