13 օգոստոսի 2002 - 19:11 AMT
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղը չի կարող ենթարկվել տոտալիտար Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա նշել է, որ Ղարաբաղը ժողովրդավարական զարգացմամբ զգալիորեն առաջ է անցել Ադրբեջանից եւ այժմ իր գլխավոր նպատակն է համարում ամուր խաղաղության եւ կայունության հասնելը: «Լեռնային Ղարաբաղն արդեն լուծել է իր անկախության հարցը եւ նրան Ադրբեջանին միավորելը` դեպի պատերազմը տանող ճանապարհ է»,- ընդգծել է Ղուկասյանը: Բոլոր վիճելի հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների սեղանի շուրջ եւ վստահության մթնոլորտում, գտնում է ԼՂՀ նորընտիր նախագահը` միաժամանակ նշելով Ադրբեջանի ղեկավարության հետ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը» քննարկելու իր պատրաստակամության մասին: Ղուկասյանի խոսքերով, այն փաստը, որ Ստեփանակերտը հնարավոր է համարում Ադրբեջանի մասնակցությունը ԼՂՀ ապագա կարգավիճակի քննարկումներին, վկայում է ղարաբաղյան կողմի կառուցողական մոտեցման մասին: «Բնական է, Ադրբեջանն իր Սահմանադրությունից ելնելով համարում է Լեռնային Ղարաբաղն իր ինքնավարությունը, սակայն այսօր ոչ մի ադրբեջանցի քաղաքական գործիչ չի հավատում, որ Ղարաբաղը կարելի է հետ վերադարձնել»,- նկատել է նա: