18 հունիսի 2019 - 10:19 AMT
ԵԽ-ն վերահաստատել է՝ պատրաստ է աջակցել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին փոխանցել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ջերմ ողջույններն ու պատրաստակամությունը՝ աջակցելու դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև սերտ գործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման Հայաստանի օրակարգն առաջ մղելու գործում:

Փաշինյանը նշել է, որ այդ օրակարգում ներկայումս առաջնային նշանակություն ունեն դատաիրավական ոլորտում բարեփոխումները: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ դրանք կյանքի կոչելու գործում օժանդակություն ցուցաբերելու գործնական քայլերի, այդ թվում՝ ԵԽ բարձրաստիճան առաքելության անդամների Հայաստան այցելելու համար:

Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն ու ամրապնդումն է դատական համակարգի նկատմամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում իրական փոփոխությունների հասնելը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022-ի Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է հունիսի 17-ին: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին վարչապետին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է սերտ գործակցության տարբեր ուղղություններով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումներին, այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի այլ հարցերի: