18 հունիսի 2019 - 15:24 AMT
Երևանը մաքրող հավաքարարներն ու բանվորները 200,000 դրամից բարձր կվարձատրվեն

Երևանի ավագանու նիստում ընդունվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, դրույքաչափերը սահմանող որոշման նախագիծը, որով փողոցները մաքրող հավաքարարների, ինչպես նաև բանվորների աշխատավարձը սկսվում է 200,000 դրամից:

Դրանով սահմանվել է, որ նորաստեղծ հիմնարկը կունենա 424 հաստիք՝ 96.5 մլն դրամ ամսական աշխատավարձի ֆոնդով:

Նախատեսվում է, որ համայնքային հիմնարկի տնօրենի աշխատավարձը կլինի 850,000 դրամ, տեղակալինը՝ 650,000, գլխավոր ինժեներինը՝ 600,000: Բաժնի պետ-գլխավոր հաշվապահի համար նախատեսված է 650,000 դրամ աշխատավարձ, հաշվապահի համար՝ 350,000 դրամ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ հիմնարկի տնօրենի աշխատավարձը քաղաքապետի աշխատավարձից բարձր է:

«Կարծում ենք՝ դա օրինաչափ է՝ կախված աշխատանքի ծավալից և բնույթից, որն իրականացնելու է այս հիմնարկը, որովհետև այն իրականացնելու է քաղաքապետի ամենակարևոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակի ապահովումը: Համենայնդեպս, մեր հավակնություններն այդպիսին են այս ընկերության նկատմամբ: Բարձր աշխատավարձերն այն հենքն ու երաշխիքն են, որ մեզ հնարավորություն են տալու իրականացնել այս գործառույթը անգամներ ավելի լավ, քան նախկինում իրականացրել են մասնավոր ընկերությունները, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ձախողման պատճառներից մեկը նաև եղել է աշխատակիցների ոչ բավարար վարձատրումը»,- ասել է Հայկ Սարգսյանը:

Ավելի վաղ՝ ապրիլին Ավագանին ընդունել էր հիմնարկը ստեղծելու մասին որոշումը: