19 հունիսի 2019 - 13:38 AMT
Սոցապի առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13,000 դրամով առաջարկված 8000-ի փոխարեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության իրականացրած հետազոտությամբ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13,000 դրամով՝ ներկայիս 55,500 դրամից հասցնելով 68,000 դրամի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

Նա անդրադարձել է ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծին, որով բացասական եզրակացություն է տրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի՝ նվազագույն աշխատավարձը մինչև 63,000 դրամ բարձրացնելու առաջարկին:

«Սա սխալ եզրակացություն անելու հնարավորություն է տալիս, վստահ եմ վատ կոմունիկացիայի հետևանք է: Հրապարակում եմ նախարարության կողմից իրականացված հետազոտության եզրակացությունից մի հատված, որտեղ մենք առաջարկում ենք մինիմալ աշխատավարձը բարձրացնել 68,000 դրամ պատգամավորների առաջարկած 63,000-ի փոխարեն․ այս խնդիրը մեր օրակարգում է», - գրել է Գասպարյանը:

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներ Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55,500 դրամից բարձրացնել 63,000 դրամի: