Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի սողանքային գոտու 106 ընտանիք փուլ առ փուլ փոխհատուցում կստանա: Այս մասին մարզպետարանի փոխանցմամբ, համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:
«1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիք 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանա: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիք կփոխհատուցվի. զուգահեռ կգնահատվեն նրանց կարիքները, և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքի փոխհատուցման հեռանկարով»,- ասել է մարզպետը:
Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, որը կաշխատի սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ: