ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը բարձր են գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:
Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումներին, ինչպես նաև հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարևորությունը: