20 հունիսի 2019 - 16:41 AMT
Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել Պարսից ծոցի ափերի մոտ

Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի զինվորականներն ամերիկյան «լրտեսող» անօդաչու սարք են խոցել, հայտնում է IRNA գործակալությունը:

Ըստ գործակալության, դա ԱՄՆ արտադրության RQ-4 Global Hawk դրոն է եղել, որը հատել է Իրանի սահմանն ու խոցվել է «ցամաք-օդ» հրթիռով երկրի հարավում՝ Պարսից ծոցի ափերի մոտ:

ԱՄՆ-ն հաստատել է կորուստը, հայտնում է Reuters-ը կառավարական աղբյուրների վրա հղումով: Սակայն, ըստ գործակալության աղբյուրի, իրանցի զինվորականներն այլ մոդելի անօդաչու են խոցել՝ Triton MQ-4C: Դրոնը եղել է Օրմուզի նեղուցի շրջանում, պնդում է գործակալության աղբյուրը, հայտնում է «Վեդոմոստին»:

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ենթադրյալ ներխուժումն իր օդային տարածք՝ զգուշացնելով «նման սադրիչ գործողությունների» հետևանքների մասին:

Դեռևս 2018-ին Իրանը սպառնում էր փակել միակ ելքը Պարսից ծոցից՝ Օրմուզի նեղուցից միջուկային հարցի շուրջ երկու երկրների հարաբերությունների սրման պատճառով: Օրմուզի նեղուցով է անցնում նավթի համաշխարհային սպառման ծավալի 20 տոկոսը: