21 հունիսի 2019 - 10:54 AMT
ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ. արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել համանախագահների հովանու ներքո:

Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են վերջին իրադարձություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական հարցերը։ Արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

«Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, այդ թվում դիպուկահարների կիրառումից և ինժեներական աշխատանքներից։ Արտագին գործերի նախարարները համաձայնվել են, որ կարևոր է ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապը լարվածության վտանգի նվազեցմանն ուղղված արագ արձագանքման նպատակով», - ասված է հայտարարության մեջ։

Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը քննարկվել են շփման գծում լարվածության հաղթահարմանը նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: