21 հունիսի 2019 - 13:04 AMT
ՊԲ-ն հերքում է՝ հայկական կողմը նռնականետերի կիրառմամբ հրադադարը չի խախտել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:

«Հերթական ապատեղեկատվություն է: Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ. արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել համանախագահների հովանու ներքո:

Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են վերջին իրադարձություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական հարցերը։ Արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։