21 հունիսի 2019 - 17:25 AMT
Հակադրոնային նորարարական լուծումների ոլորտում ՀՀ-ն կարող է գործակցել Elettronica Group-ի հետ

Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնզո Բենինին Լը Բուրժեում հանդիպմանը խոսել են ընկերության հակադրոնային նորարարական լուծումների և այդ ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին:

ՀՀ նախագահը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Grou» ընկերության տաղավար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա ամիսների ընթացքում ընկերության պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ տեղում համագործակցության ներուժին ծանոթանալու և հնարավոր գործընկերներին հանդիպելու համար:

Էնզո Բենինին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ընկերության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել մեր տաղավարում: Անկախ մեր անձնական բարեկամությունից՝ այս այցը չափազանց կարևոր է, և Հայաստանի նախագահին այսօր այստեղ ընդունելը մեծ պատիվ է մեր ընկերության ու, առհասարակ, այս ցուցադրության համար: Իտալիայի և Հայաստանի միջև բարեկամությունը շատ ամուր է, և մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել»,-նշել է նա:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է առաջատար Elettronica Group -ի հետ կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությամբ՝ ընդգծելով, որ նշված ոլորտներում Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Elettronica Group ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը: