21 հունիսի 2019 - 18:26 AMT
ԳՇ պետը Մոսկվայում քննարկել է ՀԱՊԿ գործունեության առաջնահերթությունները

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին, հայտնել է ՊՆ լրատվական ծառայությունը։

Ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր:

Քննարկվել են նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի, հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ համատեղ պատրաստության միջոցառումների հետ կապված, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցեր: