24 հունիսի 2019 - 12:25 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն դիտարկում կանցկացնի Ակնայից դեպի հյուսիս-արևելք

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից: Դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա), հայտնում է Արցախի ԱԳ նախարարությությունը:

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։