24 հունիսի 2019 - 18:13 AMT
Երևանի հին վերելակները նորերով փոխելու մրցույթ կհայտարարվի. Առաջին փուլում կփոխվի 20 վերելակ

Երևանի ավագանու հունիսի 24 արտահերթ նիստում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ մայրաքաղաքի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար մրցույթ կհայտարարվի. առաջին փուլում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ:

Փոխքաղաքապետը հայտնել է, որ հետագայում փուլ առ փուլ կփոխարինվի նաև մյուս 3500 վերելակը. այդ գրոծընթացը նախատեսվում է սկսել 2020 թվականին:

«Յուրաքանչյուր վարչական շրջանում 2-ական վերելակ է ընտրվել, որոնք առավել անմխիթար վիճակում են: Վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելուն և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,- ասել է քաղաքապետի տեղակալը:

Նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի, ծրագրի ծախսերը կփոխհատուցվեն 25 տարում: Երևանում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում են ավելի քան 40 տարի, մինչդեռ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է: