Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը։
«Մինաս Մինասյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է ՀՀ քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը՝ նա սովորում է Թբիլիսիում։
Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: