24 սեպտեմբերի 2008 - 15:41 AMT
Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են շարունակել Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները
Նյու Յորքում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Ալի Բաբաջանի ու Մանուչեհր Մոթթակիի հանդիպումը: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգին, Բաբաջանի ու Մոթթակիի հանդիպմանը մանրամասն քննարկվել է իրավիճակը Կովկասում: Ընդ որում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում լարված իրավիճակ է ստեղծվել, իրավիճակի կայունությանը կարող է նպաստել տարածաշրջանային երկխոսությունը: Մանուչեհր Մոթթակիի խնդրանքով Ալի Բաբաջանը ներկայացրել է Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքները: «Դա դյուրին որոշում չէր, սակայն պարզվեց, որ այն ճիշտ էր»,-հայտարարել է Բաբաջանը: Թուրքիայի ու Իրանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: