Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը:
Ասվում է նաև, որ Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.
1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:
3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:
4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:
5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։
Հայատարարությունը ստորագրել են՝ Սահմանադրական դատարանի նախագահ՝ Հ.Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը, Ա.Պետրոսյանը»։
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: Ավելի վաղ Գրիգորյանը ԱԺ-ում հայտրարարեց, Սահամանդրական դատարանն ունի երկու ընտրված դատավոր, և ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։