1 հուլիսի 2019 - 12:41 AMT
Վանեցյանը գոհ չէ որոշ ուղղություններով ԱԱԾ աշխատանքի արդյունքներից

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր գլխավորած գերատեսչության առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ տվել է խիստ գնահատականներ: Այդ մասին նա խոսել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին առընթեր խորհրդի նիստում:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ ԱԱԾ տնօրենը որոշ ուղղություններով աշխատանքների արդյունքները գնահատել է ոչ բավարար՝ ընդգծելով դրանց կատարելագործման և առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության ապահովման բարձրացման, հնարավոր դիվերսիոն ներթափանցումների նախականխման ու խափանման, ներքին անվտանգությանը, ՀՀ սահմանադրական կարգի պահպանմանը ու դրա սպառնալիքների չեզոքացմանը վերաբերող և հարակից այլ հարցեր, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Վանեցյանը կենտրոնական մարմնի և տարածքային առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել օպերատիվ իրավիճակի և միջազգային զարգացումների պարբերաբար վերլուծության, ծառայությունում նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրման, այլ պետական մարմինների ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ:

Նիստը վարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նիստին ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: