2 հուլիսի 2019 - 13:39 AMT
Երևանի 90 շենքի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ 2019-ին կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք:

«Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի դեպ, կտեղադրվեն նոր, էներգախնայող լեդ լուսատուներ», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերում մեկ առ մեկ մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ, որը պետք է 75-80 %-ից ցածր չլիներ:

Չափորոշիչների համաձայն ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը:

«Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Նա հավելել է, որ համակարգը բնակիչներին կծառայի առնվազն 25 տարի:

Այժմ ծրագիրը մրցութային փուլում է: Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ և մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները:

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի բուն մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը: