2 հուլիսի 2019 - 13:54 AMT
Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն կա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Գրիգորյանին անվասայլակով են բերել դատարան։ Նախքան նիստի սկսվելը նրան նախ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Դատարանի դահլիճում են գտնվում բժիշկները, որոնք հսկողության տակ են պահում Գրիգորյանին։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանավորումը 10 մլն դրամ գրավի դիմաց անհապաղ վերացնելու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստաբանը նշել է մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Նա ասել է, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։